Հաղպատի վանք
Տեղեկությունեկեղեցումասին
Հաղպատը հիմնադրվել է 976թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունու թագավորության (953-977 թթ.) ժամանակ: Վանական համալիրը ներառում է Ս. Նշան եկեղեցին, երկու գավիթ, երեք փոքրածավալ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր, որոնք աչքի են ընկնում հորինվածքային փայլուն մտահղացումներով, ճարտարապետական, գեղարվեստական կատարելությամբ: Վանքի հարստություններից են հայ քանդակագործական, որմնանկարչական, խաչքարային և այլ արվեստների լավագույն ստեղծագործություններից շատերը:
Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես աստվածապատ, աստվածաշեն, որոգայթից կամ ծուղակից պաշտպանված, իսկ ավելի հավանական՝ հախ պատ՝ ամուր պատ: Ուշագրավ է անվան ստուգաբանության ավանդապատումայինհետևյալ տարբերակը. «Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու և մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին թողնում է հոր հետ աշխատելը և ենթավարպետի հետ Հաղպատ գյուղում մեկ ուրիշ իշխանի պատվերով նոր վանք շինում: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ որ շենք է բարձրանում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում է: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը, ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է, Հա՛խ պատ է (իսկական, ամուր պատ է): Այս ասելով, վարպետը փաթաթվում է որդուն, համբուրվում նրա հետ և հաշտվում: Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ» (Ա. Ղանալանյան, «Ավանդապատում»):
XI դ. երկրորդ կեսից Հաղպատը Բագրատունյաց Կյուրիկյան թագավորության հոգևոր-եկեղեցական կենտրոնն էր: Ինչպես վկայում են պատմիչները, այդ շրջանում Հաղպատի ու Սանահինի վանքերը 500 միաբան ունեին: 1072թ. Հաղպատը դարձել է եպիսկոպոսանիստ: Հոգևոր, մշակութային, տնտեսական-շինարարական վերելք է ապրել հատկապես XII դարի երկրորդ կեսից մինչև XIV դարը, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Զաքարյանները: Սակայն Հաղպատը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել է երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները և վիմագրողները:
Հաճախակի կատարվող թշնամական հարձակումները ստիպել են վանքի միաբանությանը մտածելու նաև պաշտպանական խնդիրների մասին: Դրանով են պայմանավորված վանքն տարբեր ժամանակաշրջաններում կիսաշրջանակաձև պարիսպներով և պահակապան աշտարակներովպարսպապատելը:
Հաղպատի ամենահին եկեղեցին Ս. Նշանն է, որ կառուցել է Աշոտ Գ Ողորմած թագավորի կին Խոսրովանույշ թագուհին՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի արևշատության համար: Եկեղեցին նվիրված է Քրիստոսի փրկարար Խաչին, ինչով պայմանավորված է նրա Ս. Նշան անվանումը: Ըստ եկեղեցու թմբուկի վրայի արձանագրության՝ շինարարությունը գլխավորել են Հաղպատավանքի առաջին վանահայր Սիմեվոնը և Տիրանուն երեցը: Ըստ ավանդության՝ այն կառուցել է «վարպետաց վարպետներից»ամենանշանավոր, հռչակավոր ճարտարապետ Տրդատը: Եկեղեցին «գմբեթավոր դահլիճ» տիպի «խաչագմբեթ» ենթատիպին է պատկանում: Արատաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև հորինվածքով է, անկյուններում ունի երկհարկ ավանդատներ: Ս. Նշանը և վանքի մյուս շինությունները կառուցված են կապտավուն, սրբատաշ բազալտից, ներսից ծածկվել են որմնանկարներով: Արևմտյան կողմից Ս. Նշան եկեղեցուն կից է մեծ գավիթը, որը կառուցվել է 1210-1220-ական թթ.՝ 1185թ.իշխանուհի Մարիամի հիմնադրած սրահ-տապանատան տեղում: Եկեղեցին հարուստ է վիմագիր արձանագրություններով:
Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է ժամատան հյուսիսային կողմում: Այն կենտրոնագմբեթ կառույց է, արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև հատակագծով և ուղղանկյուն խաչաթևերով: Եկեղեցու քանդակազարդ շրջանակով մուտքն արևմտյան կողմից է:
Ժամատան հարավային կողմում գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցին (1125թ.), որն արտաքուստ ուղղանկյուն է, ներսից՝ խաչաձև հատակագծով, ուղղանկյուն խաչաթևերով, իսկ անկյուններում ունի ավանդատներ:
Ս. Նշան եկեղեցուց հյուսիս գտնվում է համալիրի երկրորդ գավիթը (1255թ.), որը կառուցող վանահոր՝ Համազասպ Անեցու անունով կոչվում է «Համազասպի ժամատուն» կամ «Համազասպի գավիթ»:Հայկական ճարտարապետության մեջ, գավիթները մասնահատուկ տեղ են գրավում, որոնք ծառայում են իբրև ժողովատեղի, նորընծաների դաստիարակչական վայր, ինչպես նաև իբրև գերեզմանական վայր:
Վանքերը՝ որպես մշակույթիզարգացման կենտրոններ, մեծ արժեք էին ներկայացնում: Այնտեղ ընդօրինակում և պահվում էին ձեռագրեր: Գրի ու գրչության նկատմամբ ունեցած հարգանքի դրսևորում էին գրատուն-մատենադարանները: Գրատուն-մատենադարանը (XI դ.) Հաղպատի ամենահին կառույցների շարքին է պատկանում: Գտնվում է Համազասպի ժամատան հարավային կողմում: Այն հաճելի համաչափություններով քառակուսի պարզ հատակագծով սրահ է, 1258-1262 թթ. վերակառուցվել է: Սրահը լուսավորվում է բրգաձև ութանկյուն կենտրոնի երդիկից: Գրատան ծավալը դրսից գրեթե ընկալելի չէ՝ արևմտյան և հարավային պատերը սրահով ծածկվելու, իսկ մյուս մասերում հողի մեջ թաղված լինելու հետևանքով: Հաղպատի գրատուն- մատենադարանը միջնադարյան Հայաստանի մեծահռչակ գրչօջախներից էր: Ձեռագիր մատյաններն ու եկեղեցական սպասքը պահվել են գրատան որմնապատերի մեջ վարպետորեն կառուցված որմնախորշերում, որոնք կատարել են գրադարակի կամ գրապահարանի դեր:Ուշ միջնադարում գրատան շենքը ծառայել է որպես մառան, որի մասին են վկայում գետնի մեջ թաղված մեծ թվով կարասները:
Արևելյան մասում է գտնվում Հաղպատի վանքի նշանավոր, ինքնատիպ 25 մ բարձրությամբ զանգակատունը: Այն Հաղպատիհուշարձանախմբի անզուգական կառույցներից է, որն իր հմայիչ տեսքով դարեր շարունակ առաջինն է դիմավորել վանքի այցելուներին: Նրա կառուցումը վերագրվում է Համազասպ և Հովհաննես եպիսկոպոս եղբայրներին: Կառույցի հատակագիծն ունի քառանկյան ձև, եռահարկ է, երկրորդ և երրորդ հարկեր բարձրանում են պատերին կցված քարե սանդուղքներով: Զանգակատունն ունի մի քանի նրբակերտ մատուռ-աղոթարաններ: Առաջին երկու հարկերում կան ութը խորաններ, երրորդ հարկը կազմում է բուն զանգակատունը: Ուշագրավ է զարդերի շարվածքը.ողջ պարագծով շարքի քարերը ուղղաձիգ կարերի միջին մասում ունեն թեք կտրվածքներ, ծիծեռնակի պոչի ձևով, որոնցով հագնում են իրար՝ կառույցին հաղորդելով ամրություն և կոշտություն:Այս կերպ ավելացնում էին պատի դիմադրական ուժը՝ տոկալու երկրաշարժերի ցնցումներից:
Վանական համալիրի հյուսիսային մասում գտնվում է հայ միջնադարյան աշխարհիկ կառույցների մեջ բացառիկ տեղ գրավող սեղանատունը: Կառույցը երկարավուն դահլիճ է. կենտրոնական մասում տեղադրված երկու սյուների միջոցով բաժանված է երկու նմանօրինակ քառակուսի մասերի՝ յուրաքանչյուրը ծածկված խաչվող կամարների համակարգով և ութանկյուն երդիկավոր գմբեթով: Սեղանատան արևելյան կողմում գտնվում է վանքի ծառայողների կացարանը՝ ժողովրդական ճարտարապետության հազարաշեն ծածկի բնորոշ օրինակով:
Ինչպես մյուս վանական համակառույցները, Հաղպատն էլ հարուստ է գերեզմանական հուշարձաններով: Ս. Նշան եկեղեցու և ժամատան միջև՝ արևմուտքից արևելք, ձգվում է կամարածածկ մի սրահ, որը եկեղեցու և գրատան արանքում թեքվում է դեպի հարավ ու ամբողջությամբ ծածկված է տապանաքարերով: Այստեղ են գտնվում նաև նշանավոր «Հաղպատի Ամենափրկիչ» խաչքարը և մի հին ու նրբակերտ մատուռ: Հաղպատի մեծ հարստությունն են կազմում խաչքարային արվեստի գործերը:
Վերոհիշյալ սրահի տանիքի հարավային կողմի վրա է գտնվում մեկ այլ մատուռ՝ ուղղանկյուն հատակագծով, թաղակապ ծածկով: Արևելյան կողմում ունի փոքրիկ խորան:
Հաղպատի վանական համալիրի ուշագրավ կառույցներից են հուշակոթողները:
Հաղպատի հուշաղբյուրը (1258 թ.) վանական համալիրն ամբողջացնող կառույցներից է: Այն գտնվում է պարսպից դուրս՝ արևելյան կողմում, գրեթե 100 մ հեռավորության վրա: Հուշաղբյուրն ուղղանկյուն սրահ է՝ երեք կողմից փակ, իսկ դեպի հարավ նայող կողմից ունի սիմետրիկ տեղադրությամբ կամարակապ երեք բացվածք, որոնք իրենց առինքնող տեսքով դեռ հեռվից, կարծեք թե, հրավիրում են այցելուներին: Հաղպատի հուշաղբյուրի ջուրը կավե թրծված խողովակներով բերված է Ս. Լույս լեռան աղբյուրներից, որոնք, ըստ ավանդության, բխել են Ս. Լույսի իջման շնորհիվ:
XI-XII դդ. հռչակավոր էին Հաղպատի դպրոցը և գրատունը: Դպրոցը համարվել է բարձրագույն դպրոց-համալսարան: Հաղպատում բարձրագույն մակարդակով դասավանդում էին միջնադարի բոլոր գիտությունները: Հաղպատը հայտնի էր նաև իր գրչության և մանրանկարչական դպրոցով: Հաղպատի գրչության կենտրոնից նշանակալից ձեռագրական ժառանգություն է պահպանվել: Հաղպատի ձեռագրերից այժմ Մատենադարանում պահվում են երկու տասնյակ, այլ հավաքածուներում՝ շուրջ մեկ տասնյակ (Երուսաղեմ, Վենետիկ, Նոր Ջուղա, Լոնդոն) մատյաններ:
Հաղպատը կառուցվել է իբրև մենաստան, սակայն ժամանակին ծառայել է նաև որպես ամրոց. նրա բարձր դիրքից լավ երևում է ամբողջ շրջակայքը: Մոտ երկու տասնամյակ Հաղպատում է ապրել և ստեղծագործել հանճարեղ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան (Տեր Ստեփանոս քահանա):
Հաղպատավանքում եղել են շատ սրբություններ, որոնցից է «Հրաշագործ աւագ Ս. Նշանն Հաղբատայ», որը պահպանվում էր Հաղպատավանքում մինչև XX դարի առաջին կեսը: Ս. Նշանի խաչի մեջ ամփոփված է եղել այն խաչափայտի մասունքը, որ Ս. Հռիփսիմեն բերել է Հայաստան և որը որոշ ժամանակ թաքցվել է Վարագա լեռան մեջ: Ռ. Երզնկյանցը նշում է, որ Սուրբ Նշանն «արար բազում հրաշագործութիւնս, բժշկեաց զախտս եւ զհիւանդութիւնս ի ժողովրդոց…»:
Հաղպատի համալիրը, որպես պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձան, գտնվել է պետական հոգածության ներքո, բազմիցս ենթարկվել է նորոգումների և վերականգնումների: 1989 թ-ից հանձնված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տնօրինությանը: 1996թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:
2010թ-ից Խաչվերացի տոնը հռչակվել է Հաղպատի վանքի ուխտի օր: Այդ օրը հաղպատցիները նաև իրենց գյուղի օրն են նշում: Խաչվերացի տոնը նշվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակին:
Ինչպեսհասնել
Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և հանրահայտ վանական համալիրներից է: Այն գտնվում է Հայաստանի հյուսիսային կողմում՝ Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում՝ սարահարթի վրա, շրջակա ողջ տարածքից տեսանելի տեղում:
Պատվիրեք շրջագայություն դեպի Հաղպատի վանք և Հայաստանի այլ սուրբվայրեր
Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը
Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում
Ակնարկներ
No reviews yet