Սանահինի վանք
Տեղեկությունեկեղեցումասին
Վանական համալիրը միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է եղել: Այստեղ կրթություն են ստացել բազմաթիվ գիտնականներ ու հոգևորականներ, փիլիսոփաներ, բանաստեղծներ, աստվածաբաններ, քանդակագործներ, ճարտարապետներ: «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. ըստ ավանդության` Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։Ավանդության համաձայն՝ վանական համալիրը Սանահին անունը ստացել է իր երկվորյակ, ճարտարապետական գոհար Հաղպատի վանքի կառուցումից: Պատմում են, թե մի բարեպաշտ իշխան վանք կառուցելու համար վարպետ է փնտրում: Վարպետը, հարազատ որդու հետ, գալիս է Սանահին և սկսում աշխատել: Աշխատանքի ընթացքում մի կողմից՝ հոր, մյուս կողմից՝ որդու և մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է հարազատ հոր հետ և, թողնելով շինարարությունը, ենթավարպետի հետ հեռանում է: Շուտով մեկ այլ իշխան հրավիրում է նրան իր համար վանք կառուցելու: Որդին սիրով ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացի սարահարթին ինչ-որ կառույց է աչքի զարնում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Ծերունազարդ վարպետը Սանահինից նայում է Հաղպատին ու ասում՝ «սա, քան զնա հին», այսինքն՝ սա նրանից ավելի հին է: Այսպես խոսքը փոխանցվել է մեկմեկու, կարճացել, դարձել «սա զնա հին», ապա՝ «սա նա հին» և ի վերջո մնացել՝ Սանահին:
Սանահինի վանական համալիրը կազմավորվել է Ս. Աստվածածին եկեղեցու շուրջ: Համալիրն ընդգրկում է Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց գավիթներով, ճեմարանը, Ս. Գրիգոր մատուռը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, Ս. Հակոբ եկեղեցին, Ս. Հարություն մատուռը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները: Սանահինի հուշարձանախմբից դուրս գտնվում են գեղաքանդակ խաչքարերով մի շարք փոքր եկեղեցիներ, վանքի աղբյուրը, ինչպես նաև նշանավոր կամուրջը:
Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է X դարի 30-40-ական թթ. Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք: Այն հայ միջնադարյան դասական ճարտարապետության «գմբեթավոր դահլիճ» տիպի «խաչագմբեթ» ենթատիպի օրինակներից է: Գմբեթի թմբուկն ի սկզբանե եղել է բազմանիստ, որը եկեղեցու վերանորոգման ժամանակ (1652թ.) վերափոխվել է գլանաձևի և պսակվել պարզ կոնաձև վեղարով: Ներսում պահպանվել են երբեմնի որմնանկարների հետքերը: Ս. Աստվածածին եկեղեցու գավիթը ճարտարապետական հորինվածքով եզակի օրինակ է հայկական գավիթների մեջ: Այն ունեցել է միջանցիկ դեր՝ եկեղեցիներ, մյուս գավիթ և ճեմարան անցնելու համար: Վանքի համար ծառայել է որպես գլխավոր տապանատուն, հատակն էլ ամբողջությամբ ծածկվել է տապանաքարերով:
966թ-ին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Ս. Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց:Ուսումնական այս կենտրոնում գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Այստեղ գրչագրված ձեռագրերից 35-ը պահվում է Մատենադարանում: Դրանք պատկերացում են տալիս Սանահինի փառավոր վանքում դարերի ընթացքում ծավալված մշակութային աշխատանքի մասին, պարունակում են արժեքավոր բնագրեր և հիշատակարաններ: Դպրոցում դասավանդվել են աստվածաբանություն, փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ:
979թ. Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի հրովարտակով Սանահինի վանքը դարձել է նորաստեղծ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսական աթոռանիստը: Սանահինի երևելի վանահայրերից էր Դիոսկորոս Սանահնեցին: Նրա օրոք կառուցվել են գրատունն ու Ս. Գրիգոր մատուռը, հոգևոր դպրոցը դարձել է ուսումնագիտական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը: Դպրոցում դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նրա անունով էլ Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»: Սանահինի վանքի վանահայրերից էին Գրիգոր Տուտեորդին, Հովհաննես Խաչենցին, Աբասի որդի Գրիգորը և ուրիշներ:
Ս. Ամենափրկիչ եկեղեցին կոչվել է նաև Կաթողիկե, այն համալիրի ամենամեծ շինությունն է: Ինչպես Ս. Աստվածածին եկեղեցին, այս եկեղեցին նույնպես «գմբեթավոր դահլիճ» տիպի «խաչագմբեթ» ենթատիպի օրինակ է, սակայն ի տարբերություն Ս. Աստվածածնի, ունի երկհարկ ավանդատներ: Ս. Ամենափրկիչը կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցու հարավային կողմում՝ 4 մ հեռավորությամբ: Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերում, որոնցից առաջինը հետագայում փակվել է՝եկեղեցիների միջև ճեմարանի սրահը կառուցելու պատճառով: Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում տեղադրված է ուղղանկյուն շրջանակի մեջ առնված մի խորաքանդակ՝ Սմբատի և Գուրգենի պատկերներով: Նրանք պատկերված են ողջ հասակով դեմ հանդիման կանգնած, ձեռքներին՝ եկեղեցու մանրակերտը: Ս. Ամենափրկիչ եկեղեցու պատերը նույնպես ծածկված են եղել որմնանկարներով:
Ս. Գրիգոր մատուռն ու գրատուն-մատենադարանը կառուցվել են 1063թ.՝ վանահայր Դիոսկորոս Սանահնեցու նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ և Դավիթ Անհողին թագավորի դստեր՝ Հրանույշ թագուհու միջոցներով: Շինությունները տեղադրված են համալիրի հյուսիս-արևելյան մասում միմյանցից 3 մ հեռավորության վրա: Հետագայում միջանկյալ այդ տարածքում կառուցվել է նախասրահ: Ս. Գրիգոր մատուռը եռաստիճան որմնախարիսխների վրա բարձրացած, արտաքուստ՝ շրջանաձև, ներքուստ՝ խաչաձև, քառախորան կենտրոնագմբեթ փոքր կառույց է: Արտաքինտեսքինզգալիշարժումենհաղորդումիրարհաջորդողորմնակամարները, խորշերըևնրբինպսակներովեզերվածնեղուձգվածլուսամուտները։Մատուռըվերակառուցվելէ 1061 թ.,ներկագմբեթըկառուցվելէավելիուշ` հավանաբար 1652 թ. վերանորոգմանժամանակ։
Գրատուն-մատենադարանը գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում, այնքառակուսիհատակագծովսրահէ, կառուցման ոճով նման է ժամատան, որիչորսպատերիկենտրոններումմեկականտեղադրվածորմնասյուներըմիմյանցհետկապվումենկամարներով: Այստեղ պահվել են ոչ միայն ձեռագիր մատյաններ, այլև վանքի արժեքավոր իրեր, նշխարներ, մասունքներ: Այդ պատճառով գրատունը կոչվել է նաև նշխարատուն: Սանահինի գրատուն-մատենադարանը հայկական գրատների մեջ հնագույնն է, իսկ հատակագծային չափերով՝ ամենամեծը:
Սանահինի հոգևոր դպրոցը կամ ճեմարանը հայտնի է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անունով՝ «Մագիստրոսի ճեմարան»: Այն կազմում է Ս. Աստվածածին եկեղեցու գավթի շարունակությունը:Ճեմարանը ներկայացնում է ուղղանկյուն երկարավուն սրահ, որտեղ երկայնական պատերին հպված կամարներով ձևավորված որմնախորշերը հավանաբար ծառայել են իբրև նստատեղեր։
Սանահինի զանգակատունը (1211-1235թթ.)կառուցվել է Ս. Ամենափրկիչ և Ս. Աստվածածին եկեղեցիների արևմտյան ճակատների եզրագծի շարունակությամբ: Այն քառակուսի հատակագծով եռահարկ կառույց է, որ պսակվում է վեց սյուների վրա հենված զանգաշտարակով: Առաջին հարկը պարզ թաղակապ սրահ է՝ հյուսիսային կողմից առանձին մուտքով: Արևմտյան ճակատին գտնվող շքամուտքը քարե աստիճաններով տանում է երկրորդ և երրորդ հարկերը: Երկրորդ հարկում կան միմյանց կից երեք փոքր ավանդատներ, որոնցից մեկի մուտքի ճակատին պահպանվել է շինարարության անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ զանգակատունը կառուցել է Աբասի որդի Վագը: Երրորդ հարկն ամբողջական մի սրահ է՝ ծածկված չորս զույգ որմնասյուների վրա հենված փոխհատվող կամարներով, որոնց վրա էլ կանգնած է զանգաշտարակը:
Պարսպով շրջափակված հուշարձանախմբի տարածքում ու նրանից դուրս պահպանվել են զգալի թվով այլ հուշարձաններ: Ս. Աստվածածին եկեղեցուն կից գտնվել է Կյուրիկե և Դավիթ Կյուրիկյանների դամբարանը: Կողքը գտնվում է Արղության-Երկայնաբազուկների դամբարանը: Իսկ Զաքարյանների դամբարանը գտնվում է վանքից հարավ-արևելք՝ գերեզմանոցի տարածքում:
Ս. Հարություն եկեղեցին (XIII դ. առաջին քառորդ) գտնվում է գերեզմանոցի տարածքում: Եկեղեցին առաձնանում է արևելյան թևում զույգ խորաններ ունեցող թաղածածկ դահլիճով:
Վանքի տարածքից դուրս պահպանվել են Ս. Հակոբ եկեղեցու ավերակները: Այն Սանահինի ամենահին շինություններից է՝ կառուցված Xդ. 2-րդ կեսին։ Եկեղեցին խաչաթև, գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է` արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով: Դահլիճի անկյուններում չորս ավանդատներով (կիսավեր)։
Սանահինի արևելյան կողմում կանգուն են Ս. Կարապետ եկեղեցին (X դ. վերջ – XI դ. սկիզբ), արևմուտքում՝ բարձրադիր տեղում՝ Ս. Սարգիս մատուռը (XII դ. վերջ – XIII դ. սկիզբ)։
Սանահինի վանական համալիրի և շրջակա տարածքում շուրջ 50 խաչքար է պահպանվել, X-XIX դդ. ընդգրկող շուրջ 190 վիմագրեր կառույցների, խաչքարերի ու տապանաքարերի վրա: Դրանցից 19-ն ունեն շինարարական բնույթ, մյուսները բովանդակում են թագավորական, իշխանական հրովարտակներ, աղոթքներ, հիշատակագրեր, վանքին նվիրատվությունների վերաբերյալ տեղեկություններ:
Սանահինում պահպանվել են երկու աղբյուր, մեկը՝ նախկին գյուղամիջում (XII դ. վերջ – XIII դ. սկիզբ, երկկամար բացվածքով՝ թաղածածկ սրահ է), մյուսը՝ վանքի հյուսիսային պարսպապատին կից (1831 թ.) միակամար բացվածքով։
Միջնադարյան հայկական ճարտարապետության ինժեներական լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ XII դ. վերջին կառուցել է տվել Վանենի (Նանա) թագուհին իր ամուսնու՝ վաղամեռիկ Աբաս Կյուրիկյան թագավորի հիշատակին։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը։Լոռու մի քանի տասնյակ նմանօրինակ հուշարձանների մեջ այն ամենալավ պահպանվածն է: Միաթռիչք (թռիչքի երկարությունը 18,6 մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի ձախակողմյան ցածր մակարդակից դեպի ընդհանուր հորիզոնական մակարդակ անցումը կատարված է աստիճանների միջոցով: Կամրջի միջնամասի եզրապատերի չորս անկյուններում, որպես պահպանիչ խորհրդանշաններ, քարի մեջ ընկղմված կեցվածքով պատկերված են մեկական առյուծներ:
2000 թ. Սանահինի վանական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ինչպեսհասնել
Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում՝ Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա
Պատվիրեք շրջագայություն դեպի Սանահինի վանք և Հայաստանի այլ սուրբվայրեր
Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը
Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում
Մոտակայքում գտնվող վայրեր
Կարծիքներ Սևանավանքի մասին
No reviews yet