Տաթևի վանքը
Տեղեկությունեկեղեցումասին
Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում: Ըստ ավանդության վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անվամբ:Վանական հուշարձանը բոլոր կողմերից շրջապատված է բրգավոր պարիսպներով, իսկ հարավից և արևելքից նաև անդնդախոր ձորերով:
Տաթևի վանքը 9-րդ. դ. Հայաստանի պատմամշակութային հուշարձան է և հայ ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը, միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը և հոգևոր կենտրոններից մեկը:
Ըստ Ստեփանոս Օրբելյանի Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դ. և ունեցել է սակավաթիվ միաբաններ: Շուտով Տաթևի վանքը դառնում է ժամանակի նշանավոր դպրության ու գրչության կենտրոն, իսկ 8-րդ դ.՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռ: Կառուցապատվել է մինչև 10-րդ դ. սկիզբը:
Տաթևի վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, գրատնից, սեղանատնից, զանգակատնից, դամբարանից, տնտեսական և օժանդակ շինություններից: Պողոս-Պետրոս գլխավոր տաճարը հիմնադրվել է 895 թ. և ավարտվել 906 թ.: Հարավից Պողոս-Պետրոս եկեղեցուն կից սրահ-գավիթը կառուցվել է 1043 թ.: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1295 թ. պատմագիր Ստեփանոս Օրբելյանի կողմից: Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի առջևի փոքր գավիթը, ուր կային նշանավոր վանականների և այլոց գերեզմաններ, հիմնովին քանդվել է 1896 թ. և տեղը կառուցվել է զանգակատուն: Գրիգոր Տաթևացու մատուռ-դամբարանը Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային մուտքի մոտ է, կառուցվել է 1787 թ.:
Բակում կան նաև այլ հուշարձաններ, որոնցից նշանավոր են Գավազան-սյունը, հավանաբար կառուցվել է 895 թ. գլխավոր տաճարի կառուցման ժամանակ և Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է գլխավոր խմբից հյուսիս-արևմուտք, պարսպին կից կամարաձև շենքի վրա, կառուցվել է 1087 թ.: Նշված բոլոր հուշարձանները 1931 թ. երկրաշարժի ժամանակ խիստ վնասվել են:
Տաթևի վանքն ունի հարուստ վիմական արձանագրություններ, որմնանկարներ, որոնք պատկերացում են տալիս վաղ միջնադարյան հայ եկեղեցու նկարազարդման համակարգի մասին: Խորանի կոնքին պատկերված է «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանը, կամարների մեջ մարգարեներ, առաքյալներ և հայ եկեղեցու հայրեր, Հովհաննես Մկրտիչն ու Աստվածամայր՝ Քրիստոսի հետ, իսկ արևմտյան պատին՝ «Ահեղ Դատաստանը» և «Փրկչի երկրորդ գալուստը» և այլն: Տաթևի վանքի որմնանկարները ինքնատիպ գեղանկարչական ոճով են արված և եզակին են հայ արվեստում, նաև բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, հատկապես, որ 10-րդ դ. եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:
Տաթևի վանական համալիրը միջնադարյան կրթա-մշակութային խոշոր կենտրոններից է եղել: 14-րդ. դ. Գլաձորի սաները տեղափոխվում են Տաթև, որտեղ հիմնվում է նոր համալսարան: Տաթևի համալսարանը հովանավորվել է Օրբելյան իշխանների և Սյունյաց մետրոպոլիտության կողմից: Դասավանդվել են գրչության արվեստ, երաժշտություն, մանրանկարչություն, փիլիսոփայություն, կրոն, հայոց լեզու, քերականություն, գրականություն, պատմություն, ճարտարապետություն և այլ առարկաներ:
Համալսարանում մեծ գործունեություն է ծավալել 14-15-րդ. դ. մեծագույ վարդապետ, աստվածաբան, փիլիսոփա, ուսուցչապետ սուրբ Գրիգոր Տաթևացին: Նա համալսարանի համար պատրաստել է դասագրքեր, որոնցից են «Գիրք հարցմանց»-ը, «Գիրք քարոզության Ամառան և Ձմեռան» հատորները, «Ոսկեփորիկ» և այլն: Գրիգոր Տաթևացին մեծ նպաստ է ունեցել գրչության զարգացման գործին, պատրաստել է մի շարք գրիչներ:
Համալսարանն ունեցել է հարուստ ձեռագրատուն-մատենադարան, որտեղ պահվել են 10 000-ից ավել ձեռագրեր: Տաթևի մատենադարանը գոյատևել է մինչև 1911-1912 թթ., այնուհետև շուրջ 140 ձեռագրեր փոխադրվել են Էջմիածին, որոնք այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Ներկայում էլ Տաթևի վանական համալիրն իր փառահեղ տեսքով գրավում է զբոսաշրջիկների և ուխտավորների ուշադրությունը, և Հայաստան այցելած զբոսաշրջիկների պարտադիր այցելության վայրերից մեկն է:
Ինչպեսհասնել
Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում
Հետադարձկապ
Պատվիրեք շրջագայություն դեպի Տաթևի վանքը և Հայաստանի այլ սուրբվայրեր
Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը
Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում
Կարծիքներ Տաթևի վանքի մասին
No reviews yet