Սուրբ Խաչի գյուտի տոնը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Ս. Խաչին նվիրված չորս տոն ունի: Ըստ տոնացույցի ընթացքի՝ Խաչի գյուտը
Խաչին նվիրված վերջին՝ չորրորդ տոնն է: Այն հաստատվել է եկեղեցու կողմից շատ վաղուց և կրում է իր մեջ
Հիսուս Քրիստոսի խաչափայտի հայտնաբերման հիշատակությունը:
Քրիստոնյա աշխարհում և եկեղեցում Խաչը հետզհետե դարձավ մեծագույն կրոնի խորհրդանիշ, հոգևոր
զորության, խաղաղության և սիրո ցուցանիշ՝ անցնելով պատմության մաքառումի դժվարին դարերով:
Խաչը Քրիստոսի արյունով սրբագործված և գերագույն զոհողության ճանապարհով դարձավ կյանքի
խորհրդանիշ: Նրա մեջ խտացավ մահվան վրա տարված բարոյական հաղթության զորությունն ու խորհուրդը: Այն
այլևս դատապարտության, մահվան նշան չէր, այլ՝ հաղթանակի ցուցանիշ:
Քրիստոսի խաչափայտը մի քանի սերունդների համար մնաց անմատչելի մինչև 4-րդ դարի սկիզբը, երբ
քրիստոնեությունը ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ այլ ժողովուրդների մոտ դարձավ պաշտոնապես ընդունված
կրոն:
Քրիստոնեության դեմ պայքարն ու հալածանքը մեղմացավ հռոմեական կայսր Կոստանդիանոս Մեծի օրոք, որ
թագավորում էր 306¬337թթ-ին: Կայսրը Աստծու օգնությամբ երեք պատերազմներում փառավոր հաղթանակներ
տարավ ու հռչակվեց Հռոմեական ողջ լայնածավալ տիրության ինքնակալ կայսր: 313թ.ին նա ամբողջ երկրով
մեկ օրինականացրեց քրիստոնեությունը և կրոնի հանդուրժողականության մասին օրենք հրապարակեց: Շուտով
ինքը ևս Քրիստոսին ամբողջապես ճանաչելուց ու ընդունելուց հետո դարձավ Նրա ուսմունքի իսկական
պաշտպանն ու տարածողը: Հետագայում իրենց կատարած բարեպաշտ գործերի համար Կոստանդիանոսը և նրա
մայրը դասվեցին սրբերի կարգին: Երբ հռոմեական կայսրության մեջ քրիստոնյաներին արտոնություն տրվեց
ազատ կերպով դավանելու նոր կրոնը, Երուսաղեմը դարձավ ուխտավայր, և ամեն կողմից գալիս էին ուխտի՝
սրբազան վայրերը տեսնելու համար:
Կոստանդիանոս կայսրը ցանկացավ մի մեծ տաճար կառուցել Քրիստոսի խաչելության վայրում՝ Գողգոթայում:
Այս նպատակի համար Կոստանդիանոսի մայրը՝ Հեղինե կայսրուհին, 326թ-ին գնաց Երուսաղեմ: Թագուհու
մասին պատմվում է, թե բարի գործերի մղիչ ոգին է եղել իր զավակի, գնում է Երուսաղեմ կարևոր
գաղափարներ, հղացումներ իրագործելու: Բարեպաշտ թագուհին Երուսաղեմում հետամուտ է լինում Քրիստոսի
խաչափայտը գտնելու: Սրբավայր ժամանելուն պես նա ոգեշնչված, ասես հատուկ նախախնամությամբ, անցավ
գործի: Սակայն թագուհու առջև կանգնած խնդիրն աներևակայելի բարդ էր, քանի որ հռոմեական հեթանոս
իշխանավորները տարել էին հնարավոր ամեն աշխատանք՝ մարդկանց հիշողությունից իսպառ ջնջելու Հիսուսի
անունը:
Հեղինե թագուհուն հայտնի էր հրեաների այն սովորությունը՝ ըստ որի մահապատժի գործիքը թաղում էին հենց
կատարված տեղում: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ էր գտնել այդ վայրը: Որոնումները շատ երկար
տևեցին, բայց ոչ ոք՝ ո՛չ հրեաները, ո՛չ քրիստոնյաները չկարողացան Փրկչի խաչելության ստույգ տեղը որոշել:
Ի վերջո միայն Հուդա անունով մի հրեա ծերունու ցուցմունքը օգնեց փնտրողներին անհրաժեշտ տեղը գտնել:
Գողգոթան այդ ժամանակ դարձել էր մոռացված վայր և գործածվում էր որպես աղբատեղի: Հետևելով հնագետ,
բանգետ Հուդայի մատնանշումներին՝ պեղումներով փորում են ժայռը, մաքրում են աղբերից: Խաչափայտը
բավականին խորն էր թաղված հողի տակ, որը մեծ աշխատանք և շատ ժամանակ էր պահանջում որոնողներից:
Հեղինեն, երբ պահանջում է փորել այդ աղբյուսները, գործավորները խուսափում, ապա և դժկամությամբ
դանդաղորեն են աշխատում, ուստի Հեղինե թագուհին պատվիրում է այդ աղբյուսների վրա ոսկի և արծաթ լցնել,
որպեսզի դրանք վերցնելու համար փորեն և խորանան ներքև: Աստծու շնորհով թագուհին գտնում է երեք խաչեր՝
Հիսուսի և նրա հետ միաժամանակ խաչված երկու ավազակների խաչափայտերը և անգամ Պիղատոսի ձեռքով

գրված եռալեզու տախտակը: Իսկ քանի որ «Հիսուս Նազովրեցի, թագավոր հրեաների» գրությամբ տախտակը
թաղված էր հողի մեջ մի առանձին մասում, ապա վերծանելու համար, թե այդ խաչերից ո՞րն է իր վրա կրել
Աստվածորդուն, անհնարին էր թվում: Միակ փրկությունը և ելքը թերևս վերին վկայությանն սպասելն ու
ապավինելն էր:
Ըստ ավանդության՝ մահացած մի պատանու վրա հաջորդաբար դնում են գտնված խաչերը, և երբ պատանին
հարություն է առնում, իմանում են թե որն էր Քրիստոսի խաչափայտը՝ այդկերպ գտնելով Ճշմարիտ Խաչը: Այս
տեսնելով հավատքի են գալիս հրեաների և հեթանոսների բազմությունը: Հավատքի է գալիս և մկրտվում Հուդան՝
ստանալով Կյուրեղ անունը, ով այնուհետև դառնում է Երուսաղեմի պատրիարք և մոր՝ Աննայի հետ
նահատակվում Հուլիանոսի ժամանակ: Հեղինե թագուհու ջանքերով գտնվում է նաև Քրիստոսի գերեզմանը, որի
վրա հետագայում կառուցվում է Ս. Հարության տաճարը: Խաչափայտն իր պատվավոր տեղն է ունենում Ս.
Հարություն տաճարում: Այդ եկեղեցին այնքան ընդարձակ էր, որ իր մեջ էր ներառում և՛ Գողգոթան, և՛ Տիրոջ
գերեզմանը: Տաճարի կառուցումը շուրջ տասը տարի տևեց ու օծվեց 335թ-ի հոկտեմբերի 26¬ին: Հետագայում
Ճշմարիտ Խաչը փոքր մասունքների վերածելով՝ մասնաբաշխվեց եկեղեցիների մեջ: Այս գյուտն է, և գյուտով
խանդավառ Խաչը բարձրացնելու, պատվելու մեծ շարժառիթն է Խաչի գյուտ տոնը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը