Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Նաւակատիք
Աստծո Միածին Որդին մեր փրկության համար աշխարհ եկավ՝ ծնվելով Կույս Մարիամից: Առանց լքելու երկինքը Նա մարմնացավ և մարդացավ՝ կատարելապես միավորվելով մարդկային բնության հետ և ընդունելով նրա բոլոր հատկանիշները՝ բացի մեղքից (տե՛ս Հավատո հանգանակ): Այս անապական ծննդյամբ Աստվածորդին դարձավ նաև Մարդու Որդի՝ սկիզբ դնելով մարդկության հոգևոր ծննդյանն ու նորոգությանը:
Քրիստոսի ծնունդը կենդանի խորհրդանիշն էր Նրա անճառելի խոնարհության, որով Նա իջավ երկնային փառքից՝ բնակվելու մեղքով ապականված աշխարհում. Նա ծնվեց Բեթղեհեմի մի քարայրում՝ կենդանիների համար պատրաստված մսուրում [տե՛ս Ղուկ. 2.7], քանզի տիեզերքի Արարիչը աշխարհ եկավ՝ ոչ թե թագավորելու, այլ ծառայելու համար ընկած մարդկությանը, որպեսզի նրան ոտքի կանգնեցնի: Ինչպես ասում են վարդապետները, Նա ծնվեց անփառունակ և աղքատիկ վայրում, որպեսզի մեր հանցապարտ բնության աղքատությունն ու անփառունակությունը լցնի Իր երկնային փառքով ու հարստացնի շնորհի լեցունությամբ:
Սակայն որքան անփառունակ էր Փրկչի ծնունդը և տակավին անհայտ՝ աշխարհին, այնքան մեծ էր այս համատիեզերական իրադարձության արձագանքը երկնքում, որտեղ հրեշտակների ողջ բազմությունն օրհներգում էր՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» [Ղուկ. 2.14]. քանզի աշխարհ էր գալիս Փրկիչը, որ Իր տնօրինություններով պիտի քավեր մարդկության մեղքերը և մարդկանց հաշտեցներ Հայր Աստծո հետ:
Ըստ Եկեղեցու հնագույն ավանդության՝ Քրիստոսի ծննդյան օրը հունվարի 6-ն է: Այս ամսաթիվը, ինչպես նաև նույն օրվա մեջ երեսնամյա Հիսուսի մկրտությունը հիշատակելու ավանդությունը ներկայումս անխախտորեն պահում է միայն Հայ Եկեղեցին՝ երբեք չընդունելով ինչ-ինչ նկատառումներով ծնունդը մկրտությունից անջատելու և այն դեկտեմբերի 25-ը տեղափոխելու նորամուծությունը (տե՛ս Աստվածահայտնություն):
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին տնօրինությունները, որոնցով Նա հայտնվեց աշխարհին (Գաբրիել հրեշտակապետի ավետումը, Հիսուս Մանկան ծնունդը, 8-օրյա թլփատությունը, հովիվների և մոգերի երկրպագությունը, 40-օրյա գալուստը Տաճար (տե՛ս Տյառնընդառաջ), ինչպես նաև Հորդանանում մկրտվելը), առաջին դարերում տոնել են միևնույն՝ Աստվածահայտնություն կոչվող մեծ տոնախմբական շրջանում:
Հետագայում այս տոնի գրեթե բոլոր հիշատակներն առանձնացան՝ տարվա մեջ բաշխվելով ըստ համապատասխան ամիսների և օրերի: Մնացին միայն Ծնունդը և Մկրտությունը, որոնք, ըստ Ավետարանի, կատարվել են միևնույն օրը՝ երբ Հիսուսը 30 տարեկան էր: Ըստ ավանդության՝ այդ օրը հունվարի 6-ն է:
Ավելի ուշ, V դարում, Հունական Եկեղեցին Ծննդյան տոնը ևս անջատեց Մկրտությունից և սկսեց այն տոնել դեկտեմբերի 25-ին, որը տարածում գտավ ողջ աշխարհում: Սակայն Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց հնագույն ավանդությանն ու առաքելական կանոնին և առ այսօր Քրիստոսի ծննդյան և մկրտության հիշատակը միացյալ տոնում է հունվարի 6-ին՝ Աստվածահայտնություն անվանումով:
Աստվածահայտնության տոնախմբական շրջանը տևում է ութ օր՝ կոչվելով Ս. Ծննդյան ութօրեք, և եզրափակվում է Անվանակոչության տոնով:
Մկրտությունը Եկեղեցու խորհուրդներից առաջինն է: Նրանով մարդը մուտք է գործում Եկեղեցի, դառնում նրա անդամը, որդեգրվում Քրիստոսին:
Մկրտությամբ մարդը սրբվում է ադամական մեղքից, ինչպես նաև մկրտությանը նախորդած բոլոր մեղքերից, վերածնվում է Սուրբ Հոգու շնորհով և դառնում նոր մարդ՝ երկնքի արքայության ժառանգորդ:
Մկրտությունը գոյություն ուներ դեռևս Քրիստոսից առաջ: Այն իրագործվում էր նորընծային ջրի մեջ ընկղմելու միջոցով, իսկ ջրի մաքրող հատկությունը դիտվում էր իբրև սրբագործության նշան: Սակայն մկրտությունը, որպես աստվածային խորհուրդ, հաստատեց Ինքը Քրիստոս: Մկրտվելով ս. Հովհաննես Մկրտչի կողմից՝ Նա Իր անձով սրբագործեց մկրտությունը՝ Հորդանանի ջրերում խորտակելով վիշապի՝ սատանայի գլուխը և մեր բնությունը լվանալով ադամական մեղքից: Իսկ Իր հարությունից հետո Տերը պատվիրեց առաքյալներին. «Գնացեք աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» [Մատթ. 28.19]:
Մկրտության խորհուրդն իրականացնում է քահանան ըստ հաստատված կարգի: Այն քրիստոնյա դառնալու և հավիտենական կյանքը ժառանգելու անհրաժեշտ նախապայմանն է, քանզի Քրիստոս Ինքն է ասում. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» [Հովհ. 3.5]:
Մկրտության խորհրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ ճշմարիտ ուղղափառ հավատ և ապաշխարել: Իսկ մանուկների մկրտությունը կատարվում է նրանց ծնողների և կնքահոր հավատի հիման վրա: Կնքահոր պարտականությունն է հետամուտ լինել մկրտված մանկան քրիստոնեական դաստիարակությանը:
Ինչպես որ մարդու մարմնավոր ծնունդը մեկ անգամ է, այդպես էլ մկրտության խորհուրդը, որպես հոգևոր ծնունդ, կատարվում է միայն մեկ անգամ. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն»,- ասում է ս. Պողոս առաքյալը [Եփես. 4.5]:
Հայ Եկեղեցում մկրտության խորհրդի կատարմանն անմիջապես հաջորդում են դրոշմը և հաղորդությունը:
http://sacredtradition.am/