ԱՎԵՏՈՒՄ

ԱՎԵՏՈՒՄ

Այսպես է կոչվում ս. Մարիամ Աստվածածնին Գաբրիել հրեշտակի կողմից ավետիս բերելու իրադարձությունը: Հրեշտակը, հայտնվելով Կույս Մարիամին, ասաց նրան, որ նա պիտի հղիանա Սուրբ Հոգուց և ծնի աշխարհի Փրկչին. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է, օրհնյալ ես դու կանանց մեջ: …. Ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի» [Ղուկ. 1.28-32]:
Մարիամը մեծ զարմանքով լսեց այս խոսքերը, որոնք նրա առջև բացում էին Աստծո Որդու մարդեղության խորհուրդը: Նրա խոնարհ սիրտը չէր հավատում, որ Աստծո Որդին պետք է դառնա և ի՛ր որդին, որ իրենից պետք է ծնվի աշխարհի Փրկիչը: Եվ տարակուսելով՝ նա հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս կարող է այդ լինել»: «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, Ով պիտի ծնվի քեզանից, սուրբ է և Աստծո Որդի կկոչվի»,- պատասխանեց հրեշտակը [Ղուկ. 1.34-35]:
Այնժամ Մարիամը, մեծ հավատով և ամբողջովին հանձնվելով Աստծո կամքին, խոնարհաբար բացականչեց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խոսքի համաձայն լինի ինձ» [Ղուկ. 1.38]: Այս խոսքերով Կույս Մարիամը ողջ մարդկության անունից համաձայնություն հայտնեց դառնալ Աստծո և մարդկության հաշտության, երկնքի և երկրի միավորման միջոցը:
Այդ պահից էլ սկսեցին իրականանալ հրեշտակի խոսքերը: Սուրբ Կույսի պատասխանին և համաձայնությանը անմիջապես հետևեց նրա լցվելը Սուրբ Հոգով և հղիանալը Որդի Աստծով, որով և մեր փրկագործության սկիզբը դրվեց:

10 ապրիլի 2022թ. կիրակի, ԱԿ
ԾԱՂԿԱԶԱՐԴ